Այսօր Քննչական կոմիտե է հրավիրել և հարցաքննել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին։ Քննչական կոմիտեի վարույթը հարուցվել է մոտ երկու տարի առաջ «Հրապարակ» օրաթերթի հրապարակած խմբագրականի հիման վրա՝ «զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր» հոդվածով։
Արմինե Օհանյանը «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ խմբագրականում իշխանությունը բռնությամբ զավթելու որևէ կոչ չի եղել։ Նրա խոսքով՝ այս քայլը նախընտրական շրջանում իրեն վախեցնելու և լռեցնելու փորձ է։
«Բայց իմ վախը բռնած է, անիմաստ գործողություններ են»,- ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Օհանյանը նաև ընդգծել է, որ խոսքի համար հետապնդումներ են ձեռնարկվում այն մարդու իշխանության օրոք, ով նախկինում, լրագրող եղած ժամանակ, իր հրապարակումներում բազմիցս է բռնության կոչեր հնչեցրել։
«Ամենացավալին այն է, որ էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը, որը ամբողջ կյանքում լրագրող է աշխատել, որի գրած բոլոր հրապարակումները շատ ավելի շատ բռնության կոչեր են պարունակել, քան իմ այդ նյութը, որի հիման վրա ինձ այսօր կանչել էին Քննչական կոմիտե»,- ընդգծել է Արմինե Օհանյանը։














