Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանը կարող է ենթարկվել իսրայելական ռազմական հարձակման, եթե չկարողանա զսպել շիական «Հեզբոլլահ» շարժման գործողությունները։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Իսրայել Կացը նշել է, որ ինքը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել են իսրայելական բանակին պատրաստվել Լիբանանի ուղղությամբ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնմանը։
Նախարարը նաև հստակ զգուշացրել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին, որ Բեյրութը պետք է վերահսկի իր տարածքը և կանխի «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի դեմ իրականացվող հարձակումները։ Կացի խոսքով՝ եթե Լիբանանը չկարողանա իրականացնել այս պահանջը, ապա Իսրայելը կարող է ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել և նույնիսկ վերահսկողություն հաստատել որոշ տարածքների նկատմամբ։
Այս հայտարարությունն արվում է այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը կարող է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը։














