Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ըստ հաղորդագրության՝ այսօրվա նիստում քննարկվել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի՝ ԿԸՀ հղված պարզաբանման դիմումը։
Հանձնաժողովը ստացել է Գոհար Մելոյանի կողմից ներկայացված օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Պարզաբանումը վերաբերում է Ընտրական օրենսգիրքի սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։
«ԿԸՀ-ն պարզաբանման մեջ արձանագրել է, որ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում կուսակցությունների (կամ կուսակցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման նկատմամբ կիրառվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ 2026 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքով նախատեսված փոփոխությունները և լրացումները։ 2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում ԿԸՀ-ն որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի, ներառյալ կուսակցությունների դաշինքի անվանման խնդրի, չի անդրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն»,- նշված է հաղորդագրության մեջ։














