Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովները պետք է ամրապնդեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցությունը։ Նրա խոսքով՝ այս գործընկերությունը ուղղված է Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին, ինչը, իր հերթին, կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։

Զրուցակիցները քննարկել են նաև ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև երկրների փոխկապակցվածության հարցերը։ Նրանք կարևորել են ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ հատկապես հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար։

Այս քննարկումները տեղի են ունեցել Երևանում սույն թվականի մայիսին կայանալիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ։