ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի համաշխարհային ֆորումում

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Ռիյադում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումին։ Նա ելույթով հանդես է եկել Դաշինքի բարեկամների խմբի բարձրաստիճան հանդիպման շրջանակներում։

Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ հակամարտությունների կանխարգելման, հասարակությունների միջև վստահության վերականգնման և բոլոր համայնքների արժանապատվության և ինքնության պաշտպանության հիմքը խաղաղության և բռնության դեմ պայքարի մշակույթի խթանումն է, որը հիմնված է հանդուրժողականության և փոխըմբռնման սկզբունքների վրա։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ակտիվորեն նպաստում է ատելության խոսքի, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության դեմ ուղղված համաշխարհային ջանքերին՝ համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի հետ։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի ներգրավվածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլի ոգու վերականգնումը» նախաձեռնության շրջանակում իրականացվող Իրաքի փաստագրական մշակութային ժառանգության վերականգնման աշխատանքներին, ինչպես նաև Լիբանանում «Կապույտ վահան» կազմակերպության կողմից իրականացվող միջազգային նախագծերին։ Նա նաև նշել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության հետ համագործակցությունը՝ ուղղված վերջինիս վտանգված փաստագրական մշակութային ժառանգության պաշտպանությանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակում Հայաստանի նախաձեռնած և միաձայն ընդունված բանաձևը, որը նպատակ ունի ամրապնդել մշակութային ժառանգության պաշտպանությունը և վերականգնումը՝ օգտագործելով նոր և զարգացող տեխնոլոգիաներ։

ԱԳ նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է Հայաստանի առաջնահերթությունն՝ ուղղված երիտասարդության հզորացմանը և բազմազանության ու ներառականության խթանմանը։ Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է 2027թ․ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերին։

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև ընդգծել է Հայաստանի համար կանխարգելման օրակարգի առաջնահերթությունը՝ վկայակոչելով 2025թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը։ Նա կարևորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և ավելի կայուն միջավայրի ստեղծման։ Կարևորվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա կարևոր բաղադրիչի՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացումը՝ մարդկանց միջև շփումների միջոցով խթանելու տարածաշրջանում խաղաղությունը և ամրապնդելու վստահությունը։