ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման տեսլականը, ընկալումները և առաջարկությունները։ Կողմերը բարձր են գնահատել 2025 թվականին գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալից ձեռքբերումները և ակտիվ դինամիկան, ինչպես նաև մտքեր են փոխանակել 2026 թվականին նախատեսվող առաջնահերթ քայլերի շուրջ։

«Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներից․ մոտ տաս օր առաջ Բրյուսելում մենք ընդունեցինք ՀՀ–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը»,- նշել է նախարար Միրզոյանը՝ ընդգծելով փաստաթղթի կարևորությունը։ «Սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը նախ և առաջ ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ուրվագծում է այն ուղղությունները, որոնց շրջանակներում մենք մտադիր ենք հետագայում խորացնել մեր հարաբերությունները»։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության և անդամ պետությունների կողմից Հայաստանին ժողովրդավարական զարգացման ճանապարհին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Նա նաև կարևորել է մարդկանց միջև շփումները խթանելուն մեծապես նպաստող՝ վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցվող առաջընթացը։

Հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Կողմերը շարունակել են քննարկումները՝ պատասխանելով ներկաների հետաքրքրող այլ հարցերի։