ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Միգրանտների անօրինական միգրացիայի դեմ պայքարի գլոբալ դաշինքի համաժողովին

Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսելում կայացած Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին մասնակցել է պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Համաժողովի բացմանը հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։

Իր ելույթի ընթացքում նախարար Սարգսյանը նշել է, որ կազմակերպված հանցավորությունը, որը կապված է անօրինական միգրացիայի կազմակերպման հետ, սպառնալիք է ոչ միայն առանձին պետությունների, այլև միջազգային ողջ հանրության համար։ Նրա խոսքով՝ այն խաթարում է խաղաղ և անվտանգ համակեցությունը։

Հայաստանը, որպես ՄԱԿ-ի կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի անդամ, առաջնահերթություն է համարում անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարը՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով անկանոն միգրացիայի կանխարգելմանը։ Նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանում արձանագրվող միգրացիոն միտումները ցույց են տալիս, որ երկիրը դարձել է միաժամանակ ծագման, նպատակակետի և տարանցիկ երկիր։

«Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ձևավորել դիմակայուն, ճկուն և արդյունավետ միգրացիոն կառավարման համակարգ, որը միաժամանակ կապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը և մեր երկրի, ինչպես նաև ավելի ընդգրկուն՝ տարածաշրջանի, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգությունը»,- նշել է նախարարը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը հետևողականորեն ուժեղացնում է անկանոն միգրացիայի դեմ պայքարի ոլորտում իր արձագանքը՝ քրեականացնելով ապօրինի միգրացիայի կազմակերպումը, գործընկերների հետ համատեղ կատարելագործելով ռեադմիսիոն ընթացակարգերը, իրականացնելով նպատակային իրազեկման արշավներ և խթանելով օրինական միգրացիայի ուղիները։

Հանցավոր իրավիճակի մշտադիտարկումը ուժեղացնելու նպատակով ձեռնարկված քայլերի շարքում նախարարը հատկապես ընդգծել է կիբեռանվտանգության ոլորտում կարողությունների զարգացման վրա կենտրոնացումը՝ նշելով, որ կազմակերպված հանցավորությունը նոր ժամանակաշրջանում փոխակերպվում է, և իրավապահ համակարգը պետք է զարգանա այդ փոփոխություններին համահունչ։

Արփինե Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միգրանտների անօրինական միգրացիան ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող հաղթահարել։ «Այն սահմանները հատող հանցագործություն է, որը պահանջում է կայուն միջազգային համագործակցություն, ինչը և մենք շարունակում ենք ամրապնդել՝ խորացնելով կապը Եվրոպոլի հետ»,-ասել է նա։

Նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի և ԵՄ-ի միջև 2024 թվականին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ նշելով, որ Հայաստանն այժմ միակ պետությունն է, որի հետ Եվրոպական Միությունը վարում է այդպիսի ակտիվ երկխոսություն, ինչը վկայում է համագործակցության բարձր մակարդակի և ԵՄ-ի կողմից Հայաստանի կարողությունների նկատմամբ վստահության մասին։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն շարժվում է կենսաչափական փաստաթղթերի համապարփակ ենթակառուցվածքի ստեղծման, սահմանների կառավարման արդյունավետության բարձրացման և ԵՄ երկրներում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների համար ռեադմիսիոն ընթացակարգերի ամրապնդման ուղղությամբ։ Այդ միջոցառումները, նրա խոսքով, կնպաստեն միգրացիայի կառավարմանն ու իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանը։

Նախարարը վերահաստատել է հանձնառությունը՝ տարբեր մակարդակներում խորացնելու և ընդլայնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ քաղված դասերի և լավագույն փորձի փոխանակման միջոցով, նաև ընդգծել է անդրազգային հանցավորության և մասնավորապես՝ անկանոն և անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարում միասնական նպատակը։