ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ կատարած հարցազրույցում հայտնել է, որ սահմանազատման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում նախատեսվում է նոր տարածքի սահմանազատում։
«Պետք է ասեմ, որ ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ ադրբեջանական կողմը, բայց գործընթացը շարունակվում է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք», – նշել է նա։
Սիմոնյանը նաև բարձր է գնահատել Կիրանցի մասում ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով «օրինակելի տեղ»։ Նրա խոսքով՝ այս տարածքը դարձել է խաղաղության կոնկրետ օրինակ, որը հայկական կողմը ցուցադրում է միջազգային գործընկերներին և այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել այդտեղ։
ԱԺ նախագահը չի մանրամասնել սահմանազատվող հատվածի մասին, սակայն նշել է, որ գործընթացը կարող է ավարտվել «եկող տարվա առաջին եռամսյակի մեջ»։













