ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել ելույթով «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի կողմից։
Համաժողովի ընթացքում Ալեն Սիմոնյանը նախ շնորհավորել է մասնակիցներին Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ դեկտեմբերի 10-ի ամսաթիվը հիշեցնում է ժամանակակից ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների՝ մարդկային արժանապատվության, ազատությունների և հավասարության պաշտպանության մասին։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետության պարտականությունն է, այլև հանրային համերաշխության անբաժանելի մասն է», – նշել է Ազգային ժողովի նախագահը՝ ընդգծելով, որ ԱԺ-ն որպես օրենսդիր մարմին կարևոր դեր ունի այս ոլորտում։
Նա նաև տեղեկացրել է, որ Ազգային ժողովը հետևողականորեն շարունակում է կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր առանձնահատկություններից, կարողանա լիարժեք օգտվել իր իրավունքներից ու ազատություններից։
Ալեն Սիմոնյանը նկատել է, որ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում։ Օրենքի ընդունումից հետո դրա կիրառման գործառույթները վերապահվելու են հենց Մարդու իրավունքների պաշտպանին, ինչը կնպաստի անհավասարության դեպքերին առավել համակարգված և արդյունավետ արձագանքելուն։
ԱԺ նախագահը նաև ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է համատեղ ջանքեր՝ քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների և պետական մարմինների մասնակցությամբ։
«Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով էթիկական չափորոշիչները և սահմանելով հստակ մեխանիզմներ իրավահավասարության ապահովման համար», – եզրափակել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով բոլոր դերակատարներին համատեղել իրենց ջանքերը՝ կառուցելու հարգանքի, ներառականության և արդարության վրա հիմնված հասարակություն։ Նրա խոսքով՝ ընդհանուր նպատակն է դարձնել Հայաստանը երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն։













