Այս մասին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Վարձատրության մեջ բազմաթիվ բաղադրիչներ կան։ Մենք ունենք պարգևավճարների համակարգ, որը, սակայն, իրական գնահատում չէ, քանի որ գնահատականները հաճախ լրացվում են ձևականորեն և գործնականում չեն ենթարկվում որևէ քննարկման։
Մարդիկ արդեն սովորել են, որ այն, ինչ կոչվում է «լավ աշխատանքի համար պարգևավճար», իրենց աշխատավարձի բաղադրիչ է, որը պարզապես ավելացվել է աշխատավարձին։
Հիմա մենք չենք ուզում, որ առաջիկա օրերին կառավարության կողմից քննարկվելիք և հաստատվելիք նոր առաջարկը մարդկանց ընկալման մեջ դառնա հերթական աշխատավարձային բաղադրիչ, բայց այլ անվանմամբ։ Մենք չենք ուզում, որ մի քանի ամիս հետո հայտնվենք նույն իրավիճակում, որը ունեցել ենք տարիներ շարունակ։
Այստեղ շատ կարևոր է, որ հստակ լինի, որ սա աշխատանքի գնահատման արդյունքում և դրա չափման դիմաց տրվող խրախուսական հավելավճար է լինելու»,– նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։













