Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Հանդիպման ընթացքում վարչապետը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է, և կարևորել այդ ուղղությամբ Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը։
Ծանրամարտի չեմպիոնը վարչապետին է ներկայացրել իր կողմից հիմնված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը։ Ըստ նրա՝ հիմնադրամի նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ՝ նպաստելով նաև պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։
Այս համատեքստում վարչապետն առաջարկել է քննարկել վերոնշյալ ծրագիրը խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ հիմնելու Կառավարության ծրագրի հետ համադրելու հնարավորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։













