ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Իրանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցչի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի՝ զբոսաշրջային հարցերով տեղակալ Անուշիրվան Բանդփեյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները և զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։

«Հայաստանը և Իրանը երկարամյա բարեկամ երկրներ են, և մեր համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, հատկապես վերջին տարիներին, ունի կայուն զարգացող դինամիկա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ միայն 2024 թվականին Իրանից Հայաստան այցելել է շուրջ 179 հազար զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արդեն արձանագրվել է 166 հազար այցելու։

Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվել են նաև ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի շուրջ։