Նիկոլ Փաշինյանն այսօր փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Այդ մասին իր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավին։
Նրա խոսքով՝ մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ տեղ ունի, և, ըստ այդմ, կարելի է ենթադրել, թե ինչու է նա որոշել քանդել այն։ ՀՀ 2–րդ նախագահը չբացառեց, որ միգուցե դա նաև նրա համար է արվում, որ Փաշինյանը խոստացել է 300 հազար ադրբեջանցիների հետ բերել ու բերել մի միջավայր, որտեղ մեր ազգային ինքնության կարևոր հենասյուն եկեղեցին պետք է քայքայված լինի։
Փաշինյանը չի հերքում, որ ԱԱԾ-ն կարող է քահանաներին «խնդրել» կաթողիկոսի անունը զեղչել։ Ըստ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առաջ լինի՝ նոր պատերազմի վտանգի առաջ։
«Դա ձեռնտու է նրան մեկ պատճառով, որ խաղաղությունն ուղիղ կապվի իր անձի, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իրեն ուղղակի օդուջրի պես պետք էր, որ ժողովուրդն այնպիսի սարսափ ունենա, որ անդադար լինի այդ սարսափն ու վախը, որ քվերակությունների ժամանակ ասեն՝ «սա իսկապես պատուհաս է մեր երկրի համար, սակայն ավելի լավ է՝ սա լինի, քան պատերազմ»։
Սա ուղղակի դասական օրինակ է նրա, երբ երկրի ու ժողովրդի շահերն ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի անձնական շահերի հետ։ Իր նպատակն իշխանություն պահելն է, որը պայմանավորված է, թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ»,– հայտարարեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի ամբողջ հույսն այն է, որ միամիտ քաղաքացին, այսպիսի վերլուծություններ չանելով, հերթական անգամ կմտածի, թե երկու չարիքից որ մեկի հետևից է գնալու։
© 2011-2025 Lurer.com













