Եկեղեցու դեմ արշավ սկսած իշխանությունները Կաթողիկոսի իրենց թեկնածուն ունեն

Իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սկսված ծրագրերի համատեքստում հայտնի է դարձել նոր, անսպասելի մանրամասնություն։ Ըստ Lurer.com-ի տեղեկությունների՝ ՔՊ-ի կողմից մշակված հակաեկեղեցական ծրագրի իրականացման դեպքում՝ եկեղեցին պառակտելուց և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելուց հետո նոր առաջնորդի պաշտոնին առաջադրվելու է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Այս ծրագրի մասին տեղեկությունները հայտնվում են այն պահին, երբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոսը, որը հայտնի է իր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անսահման հավատարմությամբ, պատարագի ժամանակ խուսափում է Կաթողիկոսի անունը հնչեցնելուց և ամեն հարմար առիթով հայտնում է իշխանահաճո հայտարարություններ։

Այսպիսով, իշխանությունների կողմից ծրագրված «բարեհաջող» արշավի հնարավոր հետևանքներից մեկը նոր Կաթողիկոսի ընտրությունն է, որի համար առաջադրված թեկնածու է դառնում ԱՄՆ-ում գործող հայոց եկեղեցու առաջնորդը։

Հետաքրքրական է, որ ներկուլիսյան քննարկումների համաձայն՝ Տեր-Հովնանի լոբբինգով ակտիվ զբաղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Այս փաստը հարցեր է առաջացնում իշխանությունների և արտաքին հայկական համայնքների միջև եղած հարաբերությունների և հնարավոր համաձայնությունների մասին։

Ի դեպ, նոյեմբերին ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը Նարեկ Մկրտչյանի պատվին ճոխ ճաշկերույթ էր կազմակերպել։ Այս իրադարձությունը կարող է համարվել նախապատրաստական քայլ՝ նոր առաջնորդի պաշտոնում հնարավոր հաստատման ճանապարհին։