ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ Հայաստանի ընտրական օրենսգիրքը նախատեսում է այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են քաղաքական ուժերի գրանցման գործընթացի բարձր աստիճանի թափանցիկություն և ազատականություն։
Ըստ նրա՝ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ քաղաքական ուժը, որպեսզի չգրանցվի, ինքն է պետք գործադրի ջանքեր։
«Եթե քաղաքական ուժը ներկայացնում է փաստաթղթեր, որոնք նույնիսկ թերի են, ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է ԿԸՀ-ին տալ այդ ուժին 48 ժամ՝ թերությունները շտկելու համար»,- մանրամասնեց Վ. Հովակիմյանը։ Նա ընդգծեց, որ օրենքը չի թույլ տալիս փաստաթղթերը մերժելու պատճառ դարձնել թերությունները կամ սխալները։
Ըստ նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է ընդունել փաստաթղթերը այնպես, ինչպես դրանք ներկայացվել են։ Եթե փաստաթղթերի ներկայացումից հետո պարզվում է, որ կան թերություններ, ԿԸՀ-ն պարտավոր է տալ ժամանակ, որպեսզի դրանք վերացվեն։
Վահագն Հովակիմյանը նաև նշեց, որ միակ պարագայում, երբ քաղաքական ուժը չի կարող գրանցվել, այն դեպքն է, երբ այն հրաժարվում է օրենքով սահմանված պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց կամ արդեն ներկայացված սխալ փաստաթղթերը ուղղելուց։ Այս գործընթացը տեղի է ունենում նիստի ընթացքում, որը թափանցիկ է, և քաղաքական ուժը պետք է հրապարակայնորեն հրաժարվի այդ գործողություններից։ Այսպիսով, ԿԸՀ-ն չի կարող ինքնուրույն որոշել, թե ում գրանցել և ում՝ ոչ։














