ՀՀ ԱԽ քարտուղարը ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին

Ապրիլի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։

Ընդունելության ընթացքում Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Կոյվուին իր պաշտոնում հաստատվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել առաքելության կողմից իրականացված աշխատանքի համար՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Սատու Կոյվուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հայտնել, որ իր փորձն ու գիտելիքները կնպաստեն առաքելության գործունեության արդյունավետության բարձրացմանը։