ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագիրը քննարկվել է ԱԺ-ում

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականին: Այն նպատակ ունի ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, ինչպես նաև խրախուսել տնտեսական և առևտրային փոխգործակցությունը:

Համաձայնագրի արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունները կստանան մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86 տոկոսի չափով: Այս համաձայնագրի շրջանակում կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ նաև կից ցանկերի մեջ ընդգրկված ապրանքատեսակների համար:

Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Հայաստանի կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքները:

Գյուղատնտեսական ապրանքների մասով համաձայնագրի ներքո կներառվեն թարմ մրգեր՝ ելակ, վայրի ելակ, թարմ լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, շաքարով հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր, ծիրան և այլն: ԱՄԷ շուկայում այս ապրանքատեսակների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 550 մլն ԱՄՆ դոլար:

Արդյունաբերական ապրանքների շարքում են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային և ռադիոհեռարձակման սարքավորումները և այլն: Հայաստանից այդ ապրանքների արտահանման դեպքում մաքսատուրք չի մուծվելու:

Այլ նիստում քննարկվել է նաև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը, որը նույնպես ստորագրվել է 2025 թվականին: Այն կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերը, ինչպիսիք են մաքսային կարգավորումը և սանիտարական միջոցառումները: Համաձայնագիրը նախատեսվում է գործունեության մեջ պահել երեք տարի՝ հետագայում ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկու օրենքների նախագծերին և առաջարկել դրանք ներառել ԱԺ հերթական նիստերի օրակարգում: