Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը այսօր աշխատանքային այցի շրջանակում այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններին։
Բացի այդ, Մարթա Կոսը հանդես է եկել բանախոսությամբ Շիրակի Մայր բուհում, որտեղ կիսվել է իր անձնական փորձով և խոսել ժողովրդավարության կարևորության և դրա վրա ազդող գործոնների մասին։
«40 տարի առաջ ես ընդամենը ուսանող էի Սլովենիայի Սոցիալական Ֆեդերալ Հանրապետությունում։ Սովորում էի ժուռնալիստիկայի և քաղաքականությունների ֆակուլտետում․ չգիտեի, որ մի քանի տարի անց իմ երկիրը, որտեղ ես ծնվել էի, էլ գոյություն չի ունենալու։ Չգիտեի, որ որպես լրագրող պիտի իմ գործունեությունը սկսեի և մի օր էլ դառնայի ընդլայնման հարցերով հանձնակատար»,- նշել է Մարթա Կոսը՝ հիշելով իր անցյալը։
Նա նաև ընդգծել է Եվրոպայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող խորը կապը։ «Եվրոպան և Հայաստանը կապված են բազմաթիվ մակարդակներով, հայերը դարեր շարունակ ձևավորել են եվրոպական կյանքը։ Հայերը մեր ընտանիքն են, եւ մեզանից շատերի համար մեծ ուրախություն է, որ այսօր մեր հարաբերություններն ավելի լավ են, քան երբեւէ եղել են Եվրոպական միության պատմության վերջին շրջանում․ մենք շարունակում ենք այս հիմքի վրա կառուցել և գնալ էլ ավելի մերձեցման»,- ավելացրել է նա։
Մարթա Կոսը նշել է, որ Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարական ուղին բնականաբար ավելի է մոտեցնում երկիրը Եվրոպային։ «Դուք ընտրել եք ժողովրդավարական ուղին, սա, բնականաբար, ձեզ ավելի է մոտեցնում Եվրոպային, քանի որ Եվրոպան ավելի շատ սահմանվում է ժողովրդավարական արժեքներով և քաղաքական ընտրություններով, քան պարզապես աշխարհագրությամբ։ Իմ կոչը ձեզ հետևյալն է․ ներգրավվեք ձեր ժողովրդավարության մեջ, թե ում եք ընտրում՝ ձեր ընտրությունն է, բայց ընտրությունների օրինավորությունը պահպանելը, ձեր ժողովրդավարության և ձեր ապագան ինքնուրույն որոշելու ազատության պաշտպանությունը մի բան է, որի համար արժե պայքարել»,- եզրափակել է նա։














