Այս պահին ներկայացված Սահմանադրության փոփոխության տեքստում ներածությունը դեռևս չի եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ի վերջո, Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանե՞լ են, թե՞ ոչ։
Նախարարը նշեց, որ Անկախության հռչակագիրը ներկայումս գտնվում է ներածության մեջ։ Նա կրկին հստակեցրեց, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է, սակայն այն կներկայացվի խորհրդում քննարկմանը և միայն այնուհետև կհրապարակվի հանրությանը։
«Մենք չունենք Սահմանադրության փոփոխության համար հանրաքվեի ժամկետ։ Շտապելու խնդիր չկա։ Ես ձեր մտահոգությունները կհասկանայի, եթե ժամկետ ունենայինք, որի պարագայում տեքստի հրապարակումը կուշացներ հանրաքվեի ժամկետի հետ կապված խնդիրները։ Այս պահին նման խնդիր չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ կտան բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և կատարելու ճիշտ ընտրություններ։
Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի հայտարարություններից պարզ չէ, որ հանել են հռչակագիրը, Գալյանը պատասխանեց. «Մենք հրապարակելու ենք տեքստը, որտեղ ակնհայտ կլինի, թե ինչ դրույթներ են շարունակելու մնալ, իսկ որոնք՝ ոչ»։ Նա նաև նշեց, որ կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը. «Բոլորս իրականացնում ենք մի քաղաքականություն և սպասարկում ենք քաղաքական ուղղություն»։
Նախարարը հավաստիացրեց, որ մինչև ընտրություններ տեքստը կհրապարակվի։
Ի դեպ, դիտարկմանը, թե Անկախության հռչակագիրը ջնջել հնարավոր է, Գալյանն արձագանքեց՝ «Անկախության հռչակագիրը ջնջել հնարավո՞ր է, դուք, գուցե, չգիտեք, ես գիտեմ, դա պատմական փաստ է»։














