ՀՀ Ազգային ժողովում կայացավ Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողով

Փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկեց Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովը, որը նվիրված է ՀՀ կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով, որ 2025 թվականի ապրիլի 18-ին կատարված վավերացումը Հայաստանի կողմից իր հանձնառությունը վերահաստատելու հստակ նշան է՝ պաշտպանելու մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, հատկապես առողջապահության ոլորտում:

«Այս Կոնվենցիայի հիմքում մարդն է, եւ մենք օրենքի ընդունմամբ ամրագրեցինք, որ մարդու շահն ու բարեկեցությունը գերակա են հասարակության կամ գիտության շահից»,- նշել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ օրենսդիրները, կառավարությունը եւ Եվրոպայի խորհրդի գործընկերները միասին կաշխատեն ոլորտում առկա բացթողումներն ու մարտահրավերները հաղթահարելու, Կոնվենցիայի սկզբունքները լիարժեք ներդնելու եւ եվրոպական լավագույն փորձը ներդնելու համար՝ ի շահ Հայաստանի ժողովրդի:

Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության եւ շրջակա միջավայրի տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզը կարեւորել է Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը՝ որպես կարեւոր ձեռքբերում, որը հնարավոր է դարձել ՀՀ իշխանությունների եւ ինստիտուտների հստակ հանձնառության շնորհիվ: Նա նաեւ ընդգծել է, որ Եվրոխորհրդի հետ համագործակցության հաջորդ փուլը կնպաստի այս արդյունավետ համագործակցության խորացմանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Կառավարության քաղաքականությունը եւ իրականացրած բարեփոխումները պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում: Նա նշել է, որ այս համաժողովը շրջադարձային քայլ է, եւ Օվիեդոյի կոնվենցիան դառնում է մեր օրենսդրական բարեփոխումների ոսկե չափորոշիչը: Նախարարը նաեւ մանրամասնել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը՝ որպես պացիենտների իրավունքների պաշտպանության հզոր գործիք:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Օվիեդոյի կոնվենցիան սահմանում է կիրառելի օրենսդրական շրջանակ եւ՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, եւ՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար: Նա կարեւորել է նաեւ հոգեկան առողջության պաշտպանության ոլորտում ԵԽ չափորոշիչների ներդրումը եւ ընդգծել, որ պետք է քայլեր ձեռնարկել ներպետական օրենսդրությունն առավել կատարելագործելու եւ Կոնվենցիային կից լրացուցիչ արձանագրությունների ստորագրման ու վավերացման ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է առողջապահական համակարգում առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ բժշկական գաղտնիքի պահպանման խնդրին ազատազրկված անձանց բժշկական զննությունների ընթացքում: Նա նաեւ խոսել է բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում իրազեկված համաձայնության, վերարտադրողական առողջության ոլորտի էթիկական չափորոշիչների եւ այլ կարեւոր հարցերի մասին՝ ընդգծելով, որ կա հանձնառություն ոլորտային խնդիրների համակարգային եւ շուտափույթ լուծման համար:

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջեւ համագործակցության դերը, ինչպես նաեւ պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում ներպետական օրենսդրական շրջանակը: Միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, Եվրոպայի խորհրդի եւ միջազգային գործընկերների ներկայացուցիչներ: