Հայաստանի նախագահը խոսեց խաղաղության գործընթացի և սփյուռքի ըմբռնման մասին հունական հարցազրույցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստան կատարած պետական այցի ընթացքում հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Manifesto» պարբերականին։ Հարցազրույցում նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները, տարածաշրջանային զարգացումները և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրի մասին։ Նա նշել է, որ այս իրադարձությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ, կարող էր թվալ անհավատալի, սակայն դրա ետևում կանգնած է եղել բավականին երկար նախապատրաստական շրջան։

ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ բանակցային գործընթացը գործնական արդյունք է տվել նաև սահմանային իրավիճակի առումով։ «Անցած տարվա հունվարի 25-ից մինչև օրս սահմանների երկայնքով իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Նախկինում գրեթե ամեն օր սահմանային միջադեպեր էին տեղի ունենում», – նշել է նախագահը։

Հարցազրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը անդրադարձել է նաև հայկական սփյուռքի որոշ հատվածների մտահոգություններին՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա նշել է, որ արտերկրում հայկական համայնքների հետ հանդիպումների ընթացքում ըմբռնում է զգացել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի նկատմամբ։

«Նրանց ներկայացրի Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակը։ Զգացի, որ կա ըմբռնում մեր կառավարության քաղաքականության և քայլերի նկատմամբ։ Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից», – ասել է նախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է կենտրոնանա ներկայա և ապագա մարտահրավերների լուծման վրա։

Վահագն Խաչատուրյանը նաև խոսել է հայ-հունական հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ գործակցության խորացման կարևորությունը։