Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությունը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի հետ

Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչական շենքում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբնը։

Հանդիպմանը ներկայացված էին նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության պատասխանատուներ Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։

Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ինչպես նաև Արցախի ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։

Հանդիպման ընթացքում Աշոտ Դանիելյանը Էրիխ Ֆոնտոբելին պարգևատրել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով, իսկ Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին և Ջոն Այբներին՝ համապատասխան շնորհակալագրեր։

Հանդիպման ընթացքում Աշոտ Դանիելյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման համար իրականացվող աշխատանքների քաղաքական ուղղվածությունը, ինչպես նաև անդրադարձել է ժողովրդի սոցիալական և հոգեբանական ընդհանուր իրավիճակին։

Իր հերթին Շվեյցարիայի պատվիրակության անդամները ներկայացրել են Շվեյցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի կատարման ընթացքը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման վերջում մասնակիցները տեսակետներ են փոխանակել երկուստեք համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։