Հայաստանը Խաղաղության խորհրդին անդամակցում է առանց անդամավճարի

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել է, որ Հայաստանը Խաղաղության խորհրդին անդամակցում է առանց անդամավճարի։ Այս մասին նա հայտնել է՝ արձագանքելով հրապարակային քննարկումներին, որոնք վերաբերում էին խորհրդին անդամակցելու համար 1 միլիարդ դոլարի չափով անդամավճարի պահանջին։

«Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով»,- ասաց Անի Բադալյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով։ Այդ ժամկետը լրանալուց հետո անդամակցության պայմանները ենթակա են վերանայման։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։

Քարտուղարը նաև նշել է, որ վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե որևէ երկիր ցանկություն հայտարարի մշտական անդամակցության մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ ստանալով այդ հրավերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։