Մոլդովայի վարչապետի հրաժարականը և Հայաստանի իրականությունը

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանը հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ այլևս չի կարող պահպանել իր սկզբունքներն ու համոզմունքները։ Այս որոշումը, որը հայտնի դարձավ ոչ թե որպես պարզ կառավարական փոփոխություն, այլ որպես քաղաքական պատասխանատվության դրսևորում, անհնար է դիտարկել առանց զուգահեռներ անցկացնելու Հայաստանի ներկայիս իրականության հետ։

Իրականում, երկու երկրներն էլ գտնվում են գրեթե նույն աշխարհաքաղաքական և սոցիալտնտեսական շրջափուլում։ Մոլդովան, որը Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհով փորձում էր իրեն դիրքավորել որպես արևմտամետ երկիր, տնտեսական ճգնաժամի մեջ է ընկել՝ գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով։ Այս ճգնաժամը, որը բողոքի ցույցերի է հանգեցրել, ընդդիմության կողմից ուղղակիորեն կապվում է կառավարության կողմից ընտրված քաղաքականության հետ։

Այս իրավիճակում Մոլդովայի վարչապետը, ի տարբերություն իր հայաստանյան գործընկերոջ, որդեգրել է բոլորովին այլ վարքագիծ։ Նա, հանրային դժգոհության և տնտեսական ճգնաժամի ֆոնին, ընդունել է իր կուրսի ձախողումը՝ հրաժարական տալով և փաստացի իր երկիրը հետագա աղետներից զերծ պահելու փորձ կատարելով։

Իսկ Հայաստանում, որտեղ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը և ավանդական տնտեսական գործընկերների հետ հարաբերությունների սառեցումն արդեն իսկ ունեն ուղիղ ազդեցություն ներքին կյանքի վրա, տնտեսական ճգնաժամը մնում է անտեսված։

Այսօր հայաստանյան գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ։ Գյուղացիների և ֆերմերների՝ ամիսների աշխատանքով ստեղծված բերքը, որը պետք է դառնար նրանց եկամտի աղբյուրը, պարզապես փչանում է ջերմոցներում։ Արտահանման շուկաների սահմանափակումները և տեղական սպառման ցածր մակարդակը ոլորտը կանգնեցրել են տոտալ վնասների առաջ։ Այս իրավիճակում կառավարությունը հայ հանրությանը և տուժած գյուղացուն ոչ թե օգնություն է մատուցում, այլ հանրային օրակարգը լցնում է արտաքին գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից հնչեցվող «հեռանկարային» խոստումներով։ Այդ հայտարարությունները և վիրտուալ աջակցության ծրագրերը ներկայացվում են որպես տնտեսական այլընտրանք, սակայն իրականում դրանք որևէ կերպ չեն լուծում կոնկրետ հայ ֆերմերի բերքի իրացման և կուտակված վարկերի մարման հարցը։