Հայկ Մարությանը մարզերում կկազմակերպի հանդիպումների շարք՝ բաց քննարկումների և հումորի միջոցով

Առաջիկա շաբաթներին Հայաստանի տարբեր մարզերում կկայանան յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումներ, որոնք նախաձեռնվել են հայտնի պրոդյուսեր, դերասան և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից։

Հանդիպումները, որոնք կրում են «Հանդիպում Հայկ Մարությանի հետ» խորագիրը, սովորական քաղաքական բնույթ չեն կրում։ Դրանք կսկսվեն բեմականացված, հումորային կարճ դիալոգով, որից հետո հանդիսատեսը կունենա հնարավորություն մասնակցել բաց հարցուպատասխանի ձևաչափին՝ անմիջապես հարցեր ուղղելով Մարությանին։

Հանդիպումների ընթացքում նախաձեռնողը նախատեսում է անդրադառնալ իր անցած ճանապարհին, ստեղծագործական գործունեությանը, Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածի փորձին, ինչպես նաև ներկայիս քաղաքական և հասարակական իրադարձություններին։ Ըստ աղբյուրների, նա չի խուսափելու նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներից և կուլիսային պատմություններից՝ դրանք ներկայացնելով իրեն բնորոշ հումորային ոճով։

Կազմակերպիչների կարծիքով, այս շրջագայությունը կարելի է դիտարկել նաև որպես ընտրություններին ընդառաջ հանրային երկխոսության ձևավորման նախաձեռնություն։ Մարությանը նպատակ ունի այցելել Հայաստանի տարբեր մարզեր և անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ։

Հանդիպումների շարքի առաջին կանոնավոր կանգառները նախատեսված են հետևյալ օրերին․
Իջևան՝ մարտի 24-ին
Նոյեմբերյան՝ մարտի 25-ին
Չարենցավան՝ մարտի 27-ին
Սևան՝ մարտի 30-ին

Հանդիպումներին մասնակցությունը ազատ է, սակայն դահլիճների նստատեղերի սահմանափակ քանակի պատճառով տեղերը բաշխվում են սահմանափակ թվով։