Ալեն Սիմոնյանը պարգեւատրել է բռնարար ոստիկանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ոստիկանության օրվա առթիվ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրել է երկու ոստիկանի՝ «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։

«Հրապարակ» թերթի տեղեկացմամբ՝ պարգեւատրվողներից մեկը ոստիկանության փոխգնդապետ Սենիկ Երանոսյանն է, որը զբաղեցնում է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւանի վարչության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը։

Ըստ թերթի՝ Երանոսյանը, որը նաեւ Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն է, 2023 թ․ փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնության էր ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին։ Նրանք հայհոյել եւ ծեծի էին ենթարկել փաստաբաններին։

Թերթի հաղորդագրության համաձայն՝ մինչ քաղհասարակությունը պահանջում էր դադարեցնել նրա պաշտոնավարումը, Երանոսյանը պաշտոնի առաջխաղացում է ունեցել։

Պարգեւատրվող մյուս անձը ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկան Սերգեյ Կիրակոսյանն է։