Հակակոռունցիոն կոմիտեում 2008 թվականի մարտի 1-ի քրեական վարույթի շրջանակում սպասվում են նոր, ուշագրավ գործընթացներ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր տեղեկություններին։
Ըստ թերթի՝ նախաքննական մարմինը, բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց, նախապատրաստվում է նաև այլ գործընթացների իրականացմանը։
Այսպիսով, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը՝ Սաշիկ Աֆյանի, գործով նախաքննությունը ավարտվել է։ Նրա գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել են դատարան։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի համաձայն՝ Սաշիկ Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները։ Այնուհետև նա կազմակերպել է նաև քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները։ Այս գործողությունների հետևանքով, ինչպես նշվում է, անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին է պատճառվել էական վնաս։
«Ժողովուրդ» օրաթերթը նաև նկատում է, որ «Մարտի 1»-ի գործը քննելու մասով ավելի ակտիվ իմիտացիա է արվում, քան պատերազմի հանցանքի կամ զոհերի գործերի քննությունը։











