Գերմանիայի դեսպանատանը վիզաների համար հերթերն այլևս չեն լինի։ Այս կարևոր հայտարարությունը արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Բեռլինում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանի կողմից էր, ով ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարեց, որ մյուս տարվա սկզբից այլևս հերթ ընդհանրապես գոյություն չի ունենալու․ տալիս են վիզա, ում տալիս են՝ կտան, ում չեն տալիս՝ չեն տա»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ այս հույսը շղթայական է և կցանկանար, որ այն տարածվի նաև մյուս դեսպանատների դեպքում։

Փաշինյանը նաև անդրադարձել է Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման հետևանքով ծագած փոփոխություններին։ Նրա խոսքով՝ 2018 թվականի համեմատ դեպի ԵՄ ուղևորությունների թիվը աճել է մոտավորապես 400-500%-ով։

«Բա ո՞նց է մարդը ձեռները ծափ տալով, ծակ կոշիկով, սոված–ծարավ, կարկատած բանով Գիքորի նման գնում Հռոմ կամ Բեռլին»,– մեկնաբանել է վարչապետը՝ նշելով, որ այսպիսի զգալի աճը խոսում է տնտեսական աճի և բարեկեցության մակարդակի բարձրացման մասին։