Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին նվիրված ՄԱԿ բարձրաստիճան հանդիպման շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կողմից՝ ՄԱԿ Ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակի հետ համատեղ։
Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ միջազգային իրավունքի, գլոբալ և տարածաշրջանային բազմակողմ համակարգերի և մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի զարգացումը չեն հաջողել ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների արդյունավետ կանխարգելման գործում։ Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական առաջընթացը և պատերազմի միջոցների զարգացումը, ցավոք, չեն նվազեցրել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մարդածին այս աղետների կանխարգելման հիմնական գործոնը ժամանակին և համախմբված արձագանքն է։ Նրա խոսքով՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումն ու վերացումը, հատկապես՝ խոցելի խմբերի նկատմամբ, պետք է լինեն վաղ նախազգուշացման համակարգի հիմքը։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև անդրադարձել է վաղ նախազգուշացման և արձագանքման մեխանիզմների հայեցակարգային խնդիրներին՝ կարևորելով գործառնական և քաղաքական բաղադրիչների համահունչ աշխատանքի ապահովումը։ Նա նշել է, որ այս հարցում կարևոր դեր ունի նաև 2024թ. Հայաստանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հինգերորդ Գլոբալ ֆորումի նախաձեռնությունը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների շրջանակին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ դրանք պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ գլոբալ և տարածաշրջանային պայմանավորվածությունների խախտումների և պետությունների քաղաքականության ու առաջնահերթությունների անվտանգային բաղադրիչի ավելացման ֆոնին ՄԱԿ-ի համակարգի շարունակական կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ։
Արտաքին գործերի նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված ՄԱԿ-ի կանխարգելման և ռիսկերի գնահատման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների հարցում հաշվետվողականության ապահովման մեխանիզմների զարգացմանը։
Ծանոթագրություն: 2025թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։













