Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է EUREF Campus Berlin գիտատեխնոլոգիական կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է EUREF Campus Berlin գիտատեխնոլոգիական կենտրոն, որտեղ նրան ներկայացվել են էներգաարդյունավետության ապահովման ուղղությամբ գիտական զարգացումներն ու տեխնոլոգիական նորարարությունները, ինչպես նաև ջրի արդյունավետ կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերը։

Նշվել է, որ կենտրոնը համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ։ Կենտրոնի ղեկավարները հայտնել են իրենց պատրաստակամության մասին՝ համագործակցելու ՀՀ Կառավարության հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և նպաստելով մեր երկրում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։

Վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ նշելով, որ այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։