Սիսիանցի երիտասարդ Ռաֆայել Ֆրանգուլյանը, որը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 28-ի և նոյեմբերի 9-ի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, իր մայրիկի՝ Հերմինեի խոսքով՝ շատ համեստ, ամաչկոտ և խղճով տղա էր։
Ռաֆայելը ծնվել է Սիսիանում, որտեղ մինչև հինգ տարեկանը ապրել է։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Արմավիրի մարզի Ջրարբի գյուղ։ «Նոր ընկերներ ձեռք բերեց, շատ արագ հարմարվեց շրջապատին։ Գյուղի դպրոցն էր հաճախում, որտեղ առաջադիմությունը հարվածային էր։ Իր հետաքրքրությունը համակարգիչներն էին։ Դպրոցին համատեղ սովորեց և համակարգչային օպերատորի որակավորում ստացավ։ Ինքնուս անգլերեն, նույնիսկ թուրքերեն էր պարապում։ Իր սենյակում առանձնանում էր, պարապում, ես տեղյակ չէի դրա մասին։ Իր զոհվելուց հետո եմ տետրերն ուսումնասիրել»,- հիշում է Հերմինեն։
Երիտասարդը ծառայել է Իջևանում։ «Սահման էր պահում։ Երբ արդեն զորացրվեց, տուն եկավ, ուզում էինք իրեն Ռուսաստան ուղարկել, բայց նա չհամաձայնեց։ «Մա՛մ, երկու տարի դիրք ու սահման եմ պահել, ո՞նց կարող եմ իմ հայրենիքը թողնել ու գնալ ուրիշ տեղ»։ Նա տարբերվող մտածելակերպ ուներ։ Նա ուրիշ կերպ էր պատկերացնում հայրենիքի, տան գաղափարը, հայրենիքը վեր էր դասում ամեն ինչից։ Իր հայրիկի մահից հետո, հաշվի չառնելով այն, որ եղբայրը հաշմանդամություն ունի, մեզ թողեց ու պատերազմ մեկնեց։ Ես թույլ չէի տալիս, ասում՝ ինձանից հետո ով պետք է եղբորդ պահի, բայց նա ինձ չլսեց»։
2020 թվականին Հերմինեի ընտանիքում ողբերգությունները հաջորդում են մեկը մյուսին։ «Այդ թվականին մահացավ ամուսինս։ Հետո սկսվեց պատերազմը, և սեպտեմբերի 28-ին, որպես պահեստազորային, Ռաֆայելը մեկնեց Արցախ։ Իր հետ միշտ կապի մեջ եմ եղել, իմ հեռախոսի մեջ իր հաղորդագրությունները պահպանվում են։ Եթե չէր զանգում, ուրեմն նամակ էր գրում»։
Ռաֆայելի և մայրիկի վերջին զրույցը նոյեմբերի 9-ին էր։ «Ցերեկն ենք խոսել, ժամը չորսին։ Ասաց. «Մա՛մ, ահավոր է, գլուխս չեմ կարողանում բարձրացնել»։ Վերջին օրերին արդեն «Մարտունի-2»-ում էին եղել»։
Հերմինեն շարունակում է չհավատալ որդու զոհվելու փաստին։ «Իր մահվան վկայականում նշված է նոյեմբերի 8-ը, բայց ես իր հետ ամսի 9-ին խոսել եմ։ Երբ իմ տղան զոհվեց, ամուսնուս եղբոր տղան մահացավ։ Իր հետևից էր գնում, որ տեսներ, թե որ հիվանդանոցում է։ Վթարի ենթարկվեց։ Բոլորն իրար էին խառնված, և որևէ մեկը տղայիս մարմինը չի տեսել։ Իր համարից չի զանգել։ Այդ համարով զանգեցի, մի տղա պատասխանեց զանգիս, չասաց, որ Ռաֆոս էլ չկա։ «Աչքերս բացել եմ, հիվանդանոցում եմ, ինձ չանհանգստացնեք»։ Մինչև հիմա այդ տղան ինձ հետ կապ չի հաստատել։ Երբ ամեն անգամ գերիների ցուցակ էր հրապարակվում, ես այդ ցուցակներում Ռաֆայելի անունն էր փնտրում։ Երբ քո աչքով չես տեսնում, ոչ մի բանի էլ չես հավատում»։
Հերմինեի խոսքով՝ ապրելու ուժը նրան տալիս է մյուս որդին՝ Հարութը։ «Եթե կոտրվեմ, նա առանց ինձ չի կարող։ Մի տեսակ անտեսված լինելու զգացում կա։ Հինգ տարվա մեջ մեկը դուռը չի բացում, հարցնի՝ ո՞ղջ եք, թե՞ մեռած։ Դա անարդար է։ Ինձ ասում են՝ այնքան ուժեղ ես, Հերմի՛ն, բայց չգիտեն, թե որքան փխրուն է սիրտս»։
Հիշատակության համար՝ Ռաֆայել Ֆրանգուլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ Ջրարբիում նրա հիշատակին խաչքար և հուշաղբյուր են տեղադրվել։ Հուղարկավորված է Ջրարբիի գերեզմանատանը։











