Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական «պատարագ»-հանրահավաքի ժամանակ, երբ Վեհափառի անունը նորից չհնչեց, ներկաների շրջանում բարձրաձայն դժգոհություն արտահայտվեց։ Բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին բարձրաձայն հնչեցնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը՝ ցույց տալով իրենց անհամաձայնությունը իշխանության կողմից կազմակերպված այս արարողության նկատմամբ։
Այս դժգոհության ցույցին հաջորդեցին ոստիկանության կողմից արդեն սովորական դարձած վայրագությունները։ Ոստիկանները բերման ենթարկեցին Հովհաննես Իշխանյանին և Հայկ Դորունցին՝ այնպիսի փութաջանությամբ, որ կարծես խոշորագույն հանցագործներին էին բռնում։
Իշխանական քարոզիչներն ու նրանց կողմնակիցները, հասկանալով, որ Փաշինյանի բեմականացրած «պատարագները» Երևանում իրենց ցանկացած ձևով՝ լուռումունջ, հանգիստ, անարգել չեն ընթանում, տեղեկատվական հարթակներում լծվել են Եկեղեցու թիկունքին կանգնածներին վարկաբեկելու գործին։ Մասնավորապես, նրանք կենտրոնացել են «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորման անդամ Հովհաննես Իշխանյանին վարկաբեկելու, վերջինիս մասին կեղծ տեղեկություններ տարածելու վրա։ Իշխանական շրջանակների դեպքում վարկաբեկելն ու կեղծիք տարածելն այլևս լավագույնը չէ, այլ միակ գործիքն է։
Ազգային ուժերի շրջանում կա որոշում՝ հետագայում, երբ Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի իր հակաեկեղեցական հանրահավաք-«պատարագները», ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված ձևով ներկա լինել, խանգարել այդ հակաեկեղեցական, հակազգային, կեղծ արարողությունները և հնչեցնել Վեհափառի անունը։ Այս քայլի նպատակն է ոչ միայն ցույց տալ իշխանությանը, որ իրենց գործողությունները հասարակության կողմից չեն ընդունվում, այլև պաշտպանել այլ եկեղեցիները պղծումից և ցույց տալ աշխարհին, որ Հայաստանում Հովհաննես Իշխանյանի նման հայրենասեր, ազգային, եկեղեցասեր, իրական հայ մարդիկ անհամեմատ շատ են, և նրանք միավորված են Հայ առաքելական եկեղեցու կողքին։


