ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը քննարկել է Համաշխարհային բանկի նոր ծրագրի մանրամասները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի աճի և աշխատատեղերի զարգացման նոր քաղաքականության գործառնության առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Սիմոնյանը կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին։

Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Լեա Հաքիմը նշել է, որ առաքելության նպատակն է համապատասխան պետական կառույցների հետ քննարկումների արդյունքում սահմանել նոր ծրագրի գործարկման համար պահանջվող բարեփոխումների շրջանակը, ինչպես նաև ներկայացնել ակնկալվող արդյունքներն ու ծրագրի իրագործման հիմնական փուլերը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀԲ նոր ծրագրի մանրամասները։ Առցանց մասնակցությամբ իր դիտարկումներով հանդես է եկել նաև ՀԲ թվային զարգացման մասնագետ Հիմմատ Սինգ Սանդհուն։

Քննարկվել է Հայաստանի համար նախատեսվող նոր ծրագրի մշակմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Ծրագիրը կենտրոնանալու է մրցակցության, ներդրումների և տնտեսական աճի, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանը խթանող համապատասխան բարեփոխումների ուղղությամբ ՀԲ օժանդակությանը։

Կողմերը անդրադարձել են նաև ծրագրի ընթացքին, Հայաստանի թվային օրակարգի հիմնական առաջնահերթություններին, պետական ծառայությունների թվայնացմանը, թվային ներառականության ապահովմանը, նորարարական էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև կապի ու ինտերնետի հասանելիությանը վերաբերող հարցերին։ Քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը՝ ներառյալ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը։

Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման, ինչպես նաև ներկայացված ծրագրով համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության և համապատասխան նախաձեռնությունների ներառման ուղղությամբ։