Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության դինամիկան։
Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ Ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում առաջիկա աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերը՝ ընդգծելով այդ համատեքստում երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը։
Վահան Կոստանյանը ներկայացրել է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները։













