Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է ոչ միայն օրենք, այլև հավասարակշռություն և արժանապատվություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին, Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը նշելու առթիվ, Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակ ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի բարդ և բազմաշերտ բնույթին։

Նրա խոսքով՝ այս պայքարը միակողմանի չէ, քանի որ այն հակառակորդ ունի, որը հաճախ գործում է առանց որևէ կանոնների կամ բարոյական սահմանների։ Այս հակառակորդը, որի կյանքի իմաստը կոռուպցիան է, փորձում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական հարված հասցնել պայքարողին՝ փորձելով կասկած մտցնել նրա մեջ, թե արդյո՞ք արժի զոհաբերել իր կյանքը, ժամանակն ու առողջությունը այդ պայքարի համար։

«Հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը, նրանց տեսանկյունից, արժանապատվությանը հարվածելն է՝ ստով, ապատեղեկատվությամբ։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մենք արձագանքում ենք ապատեղեկատվությանը փաստով»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։

Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության կողմից պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների կոնկրետ արդյունքները։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Դատախազությունը, իր բացառիկ լիազորությունների շրջանակում և դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, որը ներառում է 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ։

Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրել է, որ 2021-2025 թվականների ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 595 միլիարդ 873 միլիոն դրամ։ Ներկայում դատարանում քննության փուլում է 155 հայց, որոնցով պահանջվում է բռնագանձել 1463 անշարժ գույք, 325 շարժական գույք և 440 իրավաբանական անձանցում մասնակցություն։

Հաշտության համաձայնությունների կնքման հարցում էլ գլխավոր դատախազը նշել է, որ 2023 թվականին կնքվել է 4 համաձայնություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 2 միլիարդ 120 միլիոն դրամ արժեքով գույք և 80 միլիոն դրամ դրամական միջոցներ։ 2024 թվականին կնքված 4 համաձայնությունների արդյունքում փոխանցվել է 2 միլիարդ 30 միլիոն 400 հազար դրամ արժեքով անշարժ գույք, 15 միլիոն 900 հազար դրամ շարժական գույք և 845 միլիոն 134 հազար դրամ։

Հանդիպման ավարտին Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ ընդգծելով, որ նրանց հետաքրքրությունը և հարցերն ապացուցում են, որ ապագա իրավաբանները պատրաստ են լինելու կոռուպցիայի դեմ պայքարում հուսալի դաշնակիցներ։