Իշխան Սաղաթելյան
Հարց է առաջանում՝ թե ինչու է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության և աշխատանքի մեջ հաջողակ, կայացած մարդկանց։
Պատասխանը պարզ է։ Քանի որ իշխանության գալուց առաջ այդ մարդկանց հանրությունը տեսել է որպես հաջողակ, իսկ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անդամները մինչև այդ պահը համարվում էին անհաջողակ, կյանքում ոչինչ չստեղծած և հանրության կողմից չճանաչված։
Այս անհամաչափության պատճառով էլ պետական պարտքի հաշվին իրենց տասնյակ միլիոնների պարգևավճարներն են տալիս, վատնում պետական բյուջեն և կատարում անարդյունավետ ծախսեր։ Իրենք մարդկանց ասում են՝ «աղքատությունը ձեր ուղեղի մեջ է», մինչդեռ իրենց անհամաչափ հարստացման գործում կաշառքներն ու անօրինական գործարքներն այլևս թաքնված չեն։
Նիկոլ Փաշինյանը առատաձեռն կաշառք է բաժանում պետական պաշտոնյաներին և ուժային կառույցներին՝ ոչ թե հանուն պետության, այլ հանուն իր իշխանության պահպանման։ Նա գիտի, որ իր թիմի անդամները վաղուց այլևս չեն հավատում իրեն և նրա կողմից հանրությանը ներկայացվող գաղափարներին։ Փողով հավատարմություն գնելը դարձել է միակ հնարավորությունը։
Այս կաշառք ստացողները, իրենց հերթին, փորձում են համոզել բոլորին, որ իրենց գործողությունները ուղղված են Հայաստանի շահերին, սակայն իրենց ամբողջ պայքարը հենց այս պաշտոնների և փողի համար է։
Սա է այսօրվա իրականությունը, որտեղ կաշառքը դարձել է անթաքույց և հրապարակային երևույթ։ Որտեղ պետական պաշտոնյան կարող է մեկ հրամանագրով ստանալ թոշակառուի 20 տարվա թոշակի չափի գումար և դա համարել բնական ու բարոյական։













