Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ միասին այսօր ծանոթացել է Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Ինչպես հայտնի է, այս ճանապարհը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։ Ներկայիս հիմնանորոգումից հետո այն կդառնա Դավթաշենի կամրջին այլընտրանքային ուղի, ինչը, ըստ նախատեսվածների, զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը՝ նպաստելով քաղաքի բնակիչների և այցելուների տեղաշարժի ավելի արագ և հարմարավետ իրականացմանը։
Բացի այդ, Տիգրան Ավինյանը և Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Այս աշխատանքները, ինչպես նշվում է, նախատեսված են ճանապարհային ցանցի որակը բարելավելու և ճանապարհային անվտանգությունը ապահովելու համար։













