ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական չնախատեսված այցն է կատարել Արագածոտնի մարզի տարբեր շինարարական հրապարակներ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում նախագահը սկզբում ուսումնասիրել է Կաքավաձորի կրթական ենթակառուցվածքների վերափոխման աշխատանքները։ Ըստ տեղեկությունների՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Կաքավաձորում կառուցվում է նոր մանկապարտեզ, որը նախատեսված է 75 երեխայի համար։ Բացի այդ, ակտիվ ընթանում են Կաքավաձորի Մ. Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցի նորոգման աշխատանքները։
Եղիազար Վարդանյանը պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկել է կատարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև շինարարների հետ քննարկել առկա հարցերը։
Հաջորդ կանգառը Նոր Ամանոս գյուղում էր, որտեղ ակտիվ փուլում է Նոր Ամանոսի կրթահամալիրի կառուցման ծրագիրը։ Կոմիտեի նախագահը նշել է, որ շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպով, իսկ կատարվող աշխատանքները գոհացուցիչ են։ Նշվել է, որ կրթահամալիրը կներառի 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի և 40 սանի համար նախատեսված մանկապարտեզի մասնաշենքեր։
Վերջում Եղիազար Վարդանյանը դիտարկել է Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան և Աղձքի միջնակարգ դպրոցների նորոգման աշխատանքների ընթացքը։













