Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գերմանիայի կողմից Հայաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելու գործընթացում սպասվում է նորություն։
Ինչպես նշեց վարչապետը, Հայաստանում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը վիզաների ստացման համար հերթեր չի լինելու։ «Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ Հայաստանում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու», – նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը մանրամասն տեղեկություն չներկայացրեց, սակայն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ մուտք գործելու վիզաների ստացման գործընթացը դյուրացնելու հարցը մշտապես գտնվում է աշխատանքային օրակարգում։ Այս ուղղությամբ բավականաչափ երկար աշխատանք է իրականացվում Եվրամիության գործընկերների հետ՝ ներկայացնելով քաղաքացիների մտահոգությունը վիզաների սպասման երկար ժամկետների (մինչև 10 ամիս) կապակցությամբ։
Վարչապետը նաև նկատեց, որ վերջին տարիներին նկատելի է աճել Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ուղևորվող զբոսաշրջային հոսքը՝ չնայած վիզաների ստացման հետ կապված դժվարություններին։ Նա օրինակ բերեց, որ ժամանակին ավիատոմսերի բարձր գները շատերի համար դրանք անհասանելի էին դարձնում, իսկ այժմ շուկայում հնարավոր է գտնել 35 կամ 50 եվրոյով տոմսեր, ինչը նպաստում է քաղաքացիների ավելի հաճախակի ճամփորդություններին։













