Գերմանական դեսպանատանը վիզաներ ստանալու հերթերը կվերացվեն մյուս տարվա սկզբից

Համբուրգում լրագրողների հետ կատարած հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Գերմանիայի դեսպանատանը Հայաստանում վիզաներ ստանալու հերթերը կվերացվեն։

«Շատ կարևոր նորություն իմացանք Բեռլինում։ Հայաստանում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանն այլևս հերթեր չեն լինելու»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ այս որոշումը եկել է ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման աշխատանքներից հետո։

«Մարդիկ ասում են՝ նայում ենք լուրերով, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար մարդիկ 10 ամիս ստիպված են սպասել։ Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատնից է։ Ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ մյուս տարվա սկզբից, փետրվարից այլևս հերթ գոյություն չի ունենա։ Ում տալու են վիզա՝ կտան, ում չեն տալու՝ չեն տա։ Հույս ունեմ, որ այս դրական փոփոխությունը կշարունակվի նաև մյուս դեսպանատների դեպքում և մենք այս խնդրից կազատվենք»,- ավելացրել է Փաշինյանը։