«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից։ Դեռեւս անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 15-ին, ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, որն աջակցում է Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրին։ Ըստ հասարակական կազմակերպությունների՝ «խիստ մտահոգիչ եւ անասելի վիրավորական էր տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր սուրբ եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ Ամենայն հայոց հայրապետի դեմ, որը մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի եւ արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարեւորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։
Մեզ համար անընդունելի է նաեւ այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում»,- նշված է նամակում։
Այս խնդրանքը Վեհափառին ուղարկվել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն, ինչպես նշում են թերթի աղբյուրները, կաթողիկոսը դեռեւս չի արձագանքել։ Ըստ հրապարակման՝ Արցախի թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգեւորական չկա, որը կարող է փոխարինել Վրթանես եպիսկոպոսին, սակայն կաթողիկոսը կարող է նշանակել տեղապահ կամ էլ ծնունդով ոչ արցախցի եպիսկոպոս։
Հոդվածում նաեւ նշվում է, որ արցախյան քաղաքական-հասարակական շրջանակներում Բագրատ սրբազանի թեկնածությունը համարվում է ամենահավանականը։ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող եւ միաժամանակ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն էլ հանդիպում է խնդրել Վեհափառի հետ, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն։











